Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա  տաիատարիք սովորողներ

Պատասխանատու`Մերի Կարապետյան

Ժամանակահատվածը`շուրջտարյա

Նպատակը և խնդիրները

• ծանոթացում ազգային խաղերին

• ազգային խաղերի իրականացում

• սովորողների գեղագիտական ճաշակի զարգացում

• ազգային մշակույթի, խաղերի յուրացում

• համագործակցային կարողությունների զարգացում

Ընկուզախաղեր

Գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով, մեկը մյուսի հետևից, ընկույզը գլորում այնպես, որ որ առանց նշանակված գծից շեղվելու, ընկույզն ընկներ փոսի մեջ: Ում հաջողվում է անել, բոլոր գլորած ընկույզները նրանն են:

Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի մյուս շարքի ընկույզները:

Կարմիր կոճակ

Կարմիր կոճակ Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներից մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո ասում է. — Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:

Реклама

Անհաղթ աքլորը

Անհաղթ աքլորը Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները կողքից վանկարկում են. Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք, Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք:

Պահիր մայր թռչունին

Խաղացող թիմերը երկուսն են, որոնց մասնակիցները իրար հետևից միմյանց բռնած շարք են կանգնում: Առջևում թռչնանոցի մայր թռչունն է, մրցակից թիմը՝ դեմ դիմացը: Խաղավարի հրահանգով երկու թիմերի մայր թռչունները բռնում են իրար (կամ ձեռքերց կամ՝ մեջքից), և թիմերը սկսում են իրենց կողմը քաշել նրանց: Այն թիմը, որին հաջողվում է նախօրոք գծված սահմանից իր կողմը քաշել հակառակորդ թիմի մայր թռչունին, հաղթող է ճանաչվում: Ամեն անգամ հաղթող կողմը զույգեր կազմելով շարք է կանգնում և, ձեռքերը կամար բռնած, վեր պահում: Պարտվածները անցնում են այդ կամարի՝ ասել է թե «թրի տակով»: Խաղը ուրախ ու համերաշխ խաղալու համար վերջին հատվածը կարելի է կատարել ազգային պարի երաժշտության ուղեկցությամբ:

Բակային խաղեր

Պախկվոցի Նա, ով պետք է աչքերը փակի, կանգնեցնում են պատի առջև: Նա հաշվում կամ արտասանում է, իսկ մյուսները թաքնվում են: Աչքերը փակողը բաց է անում աչքերը և սկսում որոնել թաքնվածներին: Եթե մեկին գտնում է, ձեռքով խփում է, իսկ երբ չի կարողանում խփել. թաքնվողը վազում բույնն է հասնում, թքում է, ազատում է, եթե ոչ՝ ինքն է փակում աչքերը:

Ճլոթ (Սա «Տըզզ» խաղի տարբերակ է)

Վիճակով մեկը կանգնում է պատի առջև, ձեռքերը մեջքին տանում, միացնում: Մեկը դառնում է Պապ: Նա թաշկինակով կամ ձեռքով ծածկում է սրա աչքերը: Մյուս խաղացողները ետևից մեկ-մեկ մոտենում են և խփում նրա ձեռքերին: Պապը հարցնում է. -Ո՞վ է խփողը: Եթե գուշակում է, խփողը կանգնում է նրա տեղը:

Յոթ քար

Խաղում են 10-20 մասնակից բակում, դաշտերում: Համեմատաբար տափակ 7 քարեր իրար մոտ են դնում: Բաժանվում են երկու խմբի և վիճակահանությամբ որոշում որ խումբն է քարերը հավաքում: Մյուս խումբը գնդակով հետապնդում է և աշխատում թույլ չտալ, որ քարերը դնեն իրար վրա: Եթե խաղի ընթացքում փախչող խմբի անդամներից մեկը կամ մի քանիսը չեն խփվում, այլ խույս տալով գնդակից շրջանցում են և կարողանում են ցրված յոթ քարը շարել միմյանց վրա ու հաշվել մինչև 7 թիվը, փախչողները շահում են մեկ փալան: Երբ հետապնդվողը նետած գնդակը բռնում է օդի մեջ նախքան դրա գետնին դիպչելը, ապա այս դեպքում գնդակ բռնող խումբը շահում է մեկ փալան։

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին  տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Աղվեսուկ

Խաղացողները ձեռք ձեռքի տված և ոտքերը լայն բաց արած` շրջանաձև կանգնում են: Շրջանից դուրս մնում է երկու հոգի, որոնցից մեկը ստանձնում է  բարակի և մյուսը` աղվեսի դերը: Վերջինս հալածվում է բարակից և ծեծվելու վտանգից խուսափելու նպատակով աղվեսային պտույտներ գործելով` շրջան կազմածներից մեկի ոտքերի արանքով մտնում է շրջանի մեջ: Եթե բարակը բռնում է աղվեսին, նրա դերը ստանձնում է շրջան կազմողներից մեկը:

Ծուղրուղու

Խումբը  շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղները այս ու այն կողմից կանգնում,  «ծուղրուղու» են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն:

 Աչքկապուկ

7-20  խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

Թաշկինակ

Երեխաները շրջանաձև կքանստում են:  Նրանցից մեկը վերցնում է թաշկինակն ու սկսում է արագ քայլել շրջանով: Մի քանի պտույտ քայլելուց հետո  թաշկինակն աննկատելիորեն գցում է երեխաներից մեկի ետևը: Ում ետևում գտնվում է թաշկինակը, պետք է արագ վերցնի այն, վազի գցողի ետևից և բռնի թաշկինակ գցողին, իսկ գցողը պետք է հասցնի կքանստել այն տեղում, որտեղ նստած էր թաշկինակ վերցնողը: Եթե մինչ այդ նա բռնվում է, համարվում է պարտված, բռնողը դառնում է թաշկինակ գցող:

Մուկն ու կատուն

Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք-ձեռքի բռնած շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաները օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան:  Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Թզուկներ և հսկաներ

Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն  ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում,  բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

«Սագե՜ր, սագե՜ր, տո՛ւն եկեք»

Խաղի ժամանակ սովոողների մի խումբը դառնում է փոքրիկ սագիկներ, սովորողներից մեկը՝ մայր սագիկը, մյուսը՝ գայլը:

Սագիկների սարում, անտառում խաղ են անում, արոտ են անում, մայր սագը տեսնում է, որ գայլը սարի հետևում է, (գայլը թաքնվում է մի անկյունում)սագիկներին ձայն է տալիս.

-Սագեր, սագեր, տուն եկե՛ք:

-Ինչո”ւ համար,-հարցնում են սագերը:

-Գայլը սարի հետևն է,-ասում է մայր սագը, որը կանգնած է սագերի դիմաց, մի փոքր հեռու:

-Մեզ ի՞նչ կանի,-հարցնում են սագերը:

-Ձեզ կուտի,- պատասխանում է մայր սագը:

-Ի՞նչ գույնի ունի-հարցնում են սագերը:

-Սև, սպիտակ, մոխրագույն, դե՛ շուտ վազեք դեպի տուն,-ասում է մայր սագը:

Սագերը վազում են դեպի մայր սագը, այդ ընթացքում դուրս է գալիս գայլը փորձում է բռնել սագերից մեկին: Քանի սագերը մայր սագիկի մոտ չեն հասել գայլը կարող է տանել, բայց երբ հասնում են մայր սագիկին, գայլը այլևս չի կարողանում մոտենալ: Այսպես շարունակում են այնքան մինչև մնում է մի սագիկ:

Ազգային խաղերի նկարագրություն

Նկարագրությունը`Մարինե Մկրտչյանի բլոգից

Արդյունքը`1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12