Կար-չկար, մի շոկոլադե ճանապարհ կար, որը տանում էր ոչ մի տեղ: Ոչ մի տե՞ղ, չէ՛, չէ՛, բոլոր շոկոլադե ճանապարհները բերում են դեպի Սեբաստացի կրթահամալիրի բակ՝ հավեսի ու զվարճանքի, կյանքի դպրոց, որի ճեմուղիներում ինքնագլորներով ու հեծանիվներով ժպտուն դեմքեր են…

Իսկ ես՝ որպես Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների օգնական, կպատմեմ ամենաուրախ ճանապարհների մասին, որոնք ձգվում են մինչև երկարացված օրվա ավարտ, բայց չեն ընդհատվում:

Սովորողներն ունեն գործունեության սիրելի տեսակներ ու , վստահաբար, դրանց շարքում առաջնային են լողը,հեծանվավարությունը, ինքնագլոր վարելն ու մարզական խաղերը, որոնք իրական հրճվանք ապրելու առիթ են: Մարզական խաղերի դերն առանձնահատուկ կարևոր է երկարացված օրվա գործունեության շարքում, քանի որ դրանք ո՛չ միայն ճկունությանն, ուշադրությանն ու նոր հմտությունների ձեռքբերմանն են ուղղված, այլև օրվա հոգնածությունը թոթափելու, սովորողների ֆիզիկական ակտիվությունն ապահովելու և դրական լիցքերի ձեռքբերման միջոց են:

Մարզական խաղերը հիմնականում անցկացնում ենք մարզադահլիճում` սպորտային հագուստով և անհրաժեշտ մարզական գույքով։ Մարզադահլիճում առկա են հանդերձարաններ որտեղ պահպանվում են սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները, անվտանգ են և միշտ օդափոխվում են։
Մարզական էստաֆետային խաղերը(1, 2, 3, 4, 5, 6, 7)մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Դրանք նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ նրանց օրը դառնում է ավելի հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը։(1)


Երկարացված օրվա ընթացքում կազմակերպում ենք նաև ռոդարիական մարզական խաղեր, որի ընթացքում զարգանում են սովորղների մոտ ուշադրության կենտրոնացումը, արագ կողմնորոշվելու ունակությունը և զույգով, խմբով աշխատելու կարողությունները։(2)


Դպրոցն իր սաներին ապահովում է անհրաժեշտ գույքով` երկանիվ հեծանիվներով և ինքնագլորներով։Սովորողների ամենասիրելի զբաղմունքմերից է հեծանիվ (3, 4) կամ ինքնագլոր (5, 6, 7) վարելը, դրանք ավելի ուրախ ու հետաքրքիր են դարձնում մարզական պարապմունքները։ Հաճախ մարզումներ իրականացնելու և ինքնագլոր վարելու համար այցելում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, սովորողներին ավելի դուր են գալիս բացօթյա պարապմունքները։ Իսկ ավելի հաճախ վարում ենք դպրոցի տարածքում։


Սովորողների, ինչու՞ ոչ`նաև դասավանդողների մեկ այլ սիրելի ու շատ սպասված զբաղմունքներից են ձմեռային մարզական խաղերը` սահնակներով սահելը, ձյան մեջ թավալվելը, ձնագնդիկ խաղալն ու ձնեմարդ պատրաստելը մի ուրիշ ուրախություն են։