Մարտ /Հովհաննես Թումանյան/

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Ուլունք /Հովհաննես Թումանյան/

Գարունը եկավ ամպերով
Ամպերը եկան անձրևով
Անձրևը տանեմ արտին տամ,
Արտը ինձ ցորեն տա
Ցորենը տանեմ ջաղացին տամ,
Ջաղացը ինձ ալյուր տա․
Ալյուրը տանեմ տաշտին տամ,
Տաշտը ինձ խմոր տա.
Խմորը տանեմ թոնրին տամ,
Թոնիրը ինձ հաց տա.
Հացը տանեմ բոշին տամ,
Բոշեն ինձ ուլունք տա.
Ուլունքը տանեմ նանիս տամ,
Նանս ինձ ծեծի՜, ծեծի՜,
Տանից քշի, դուրս անի։

Լուսին, լուսին, լուսերես /Խնկո Ապեր/

Լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան
Կլոր ես:
Լույս ես տալիս
Գիշերով,
Քո վառվռուն
Թշերով:

Արևի ճառագայթները /Ղազարոս Աղայան/

Պայծառ արևը բարձրացավ երկինք և ոսկեփայլ ճառագայթները տարածեց երկրի վրա, որ արթնացնի քնածներին:
Առաջին ճառագայթն ընկավ արտույտի վրա:
Արտույտը թպրտաց, թափ տվեց թևերը, դուրս թռավ բնից, բարձրացավ վեր ու վեր և սկսեց երգել բարձրաձայն.
– Ճի՜վ, ճի՜վ, ճի՜վ-ճիլի՜-վիլի՜, վո՜ւտ-վո՜ւտ, վո՜ւտ-վո՜ւտ-վո՜ւտ, ճը՜ռռ… որ մեր լեզվով նշանակում է` ինչքա՜ն լավ է առավոտ վաղ վեր կենալը, և ինչքա՜ն դուրեկան է թարմ օդ ծծելը:
Երկրորդ ճառագայթը նապաստակի վրա ընկավ: Նապաստակն ականջները խլշացրեց, նայեց դես ու դեն, ցատկոտելով մտավ ցողաթաթախ կանաչուտը և սկսեց նախաճաշիկ անել մեղրածոր խոտերով:
Երրորդ ճառագայթը հավաբունն ընկավ: Աքաղաղը թափ տվեց թևերը և կանչեց` ծուղրուղո՜ւ…ղո՜ւ-ղո՜ւ-ղո՜ւ: Կանչեց աքաղաղը հավերին, որ ցած իջնեն թառերից և առավոտվա նախաճաշիկն անեն: Հավերը ցած թռան, կչկչացին և աքաղաղի հրավերով սկսեցին քուջուջ անել:
Չորրորդ ճառագայթը փեթակի վրա ընկավ: Մեղուները տաքացան ու դուրս ընկնելով` դես ու դեն թռան տզտզալով, որ մեղրածոր ծաղիկներից իրենց սնունդը ստանան:

ՈՉ ՄԻ ԲԱՆԻՑ ՄԱՐԴՈՒԿԸ /Ջաննի Ռոդարի /

Կար- չկար ոչ մի բանից մարդուկ կար: Ոչ մի բանից մարդո՞ւկ: Այո, նրա քիթն էլ էր ոչ մի բանից, բերանն էլ: Հագին բա՜ն չկար, կոշիկներն էլ ոչ մի բանից էին:
Մի օր մարդուկը քայլում է ճամփով, որ ոչ մի տեղ չէր տանում, և հանդիպում է ոչ մի բանից մկնիկի:
— Լսի՜ր, – ասում է մարդուկը, – դու կատուներից չե՞ս վախենում:
— Ո՜չ, – պատասխանում է մկնիկը: – Այս երկրում կատուներն էլ են ոչ մի բանից, նրանց բեղերն էլ, ճանկերն էլ: Իսկ ես պանիր եմ սիրում: Ես ուտում եմ միայն անցքերը: ճիշտ է, նրանք հոտ չունեն, բայց քաղցր են:
— Իմ գլուխը պտտվեց, – ասաց ոչ մի բանից մարդուկը:
— Եվ եթե նույնիսկ գլուխդ պատին տաս, ոչ մի բան էլ չի լինի:
Մարդուկը որոշեց փորձել, մի պատ գտավ, որ գլուխը պատին տա: Բայց տես ինչ դուրս եկավ՝ պատն էլ էր ոչ մի բանից: Եվ քանի որ մարդուկը ուժեղ էր թափ առել, խփելիս անցավ պատի մյուս կողմը: Այնտեղ ոչի՜նչ չկար:
Մարդուկը այնքան հոգնեց այդքան ոչ մի բանից, որ քնեց:
Երազում տեսավ՝ իբր ինքը ոչ մի բանից մարդուկ է, քայլում է ոչ մի տեղ չտանող ճանա­պարհով, հանդիպում ոչ մի բանից մկնիկի:
Երազում մարդուկը նույնիսկ պանրի անցքեր կերավ: Ճիշտ էր ասում մկնիկը՝ այդ անցքերը իսկապես հոտ չունեին և քաղցր էին:

Շոկոլադե ճանապարհը /Ջաննի Ռոդարի /

Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների  բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:

-Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:

– Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
– Ասվալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:

Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը:  Լպստեցին ու արզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք  ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
_Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
– Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:

Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու  սկսեցին ագահորեն ուտել: Իսկի սայլից էլ բան չմնաց,  անիվներն էլ կերան:

ԶԱՏԿԱԿԱՆ ԱՍԻԿՆԵՐ

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Էլ պաս չկա, բան չկա, ի~նչ պիտի անես հիմա, ա՛յ թոռոմած կծու սոխ, քեզնից  վախեցող չկա:

Ծերացել ես, ծե~ր_ծե~ր, մնացել ես դու անտեր,
Փետուր չունես, պոչ ունես, պոչդ առ ու հեռացիր:

Դռան առաջ հերկեցինք,
Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնյակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:

Մարիա՛մ խաթուն, Մարիա՛մ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթոն /միջուկ/:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Քրիստոս հարեաւ ի մեռելոց:
Օրհնեալ է հարութիւնն Քրիստոսի:

Զատկական երգեր՝  Խնկի ծառ, Զարկ բոլոճիկ, Կարկաչա

Ռ. Հախվերդյան «Զատիկ»

Զատկական հանելուկներ

1     .Ուլուլիկ, պուլուլիկ,

Մեջը դեղին ուլունք:

2.    Տուն ունեմ, դուռ չունի,

Դուրսն արծաթ, մեջը ոսկի:

3 . Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:

4 . Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից շնչավոր:

5. Կարաս ունեմ մի պուճուր,
Մեջը՝ երկու գույնի ջուր: