Աշուն
Հովհաննես Թումանյան
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։
Լուսին
Աթաբեկ Խնկոյան
Լուսին, լուսին, լուսերես,
Ինչքա՜ն սիրուն, կլոր ես։
Լույս ես տալիս գիշերով
Քո վառվռուն թշերով։
Գիշեր
Աթաբեկ Խնկոյան
Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:
Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:
Պապն ու շաղգամը
(թարգմանություն ռուսերենից)
Դռան առաջ մի անգամ
Պապը ցանեց մի շաղգամ։
Շաղգամն աճեց, մեծացավ,
Պապը տեսավ, զարմացավ։
Պապը քաշեց, քաշքշեց,
Շաղգամը հողից չհանեց։
Պապը կանչեց տատիկին։
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Տատը կանչեց թոռնիկին։
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Թոռը կանչեց շնիկին։
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Շունը կանչեց փիսոյին։
Փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից չհանեցին։
Փիսոն կանչեց մկնիկին.
Մուկը՝ փիսոյից,
Փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Որ քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից հանեցին։
Ձեռնոցը
Ուկրաինական ժողովրդական հեքիաթ
Անտառով գնալիս մի ծերունի կորցնում է ձեռնոցը: Մուկը գալիս, մտնում է մեջը և ասում.
— Ինչ տաքուկ է, էստեղ էլ կապրեմ:
Ցատկոտելով գալիս է գորտը:
— Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:
— Ես, Ճսճստան մկնիկը: Իսկ դու ո՞վ ես:
— Ես Կռկռան գորտն եմ: Ներս չե՞ս թողնի, — խնդրում է գորտը:
— Ինչու չէ:
Սկսում են երկուսով ապրել: Մեկ էլ նապաստակն է վազելով գալիս, տեսնում է ձեռնոցը և հարցնում.
— Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:
— Ճստճստան մկնիկը, Կռկռան գորտը: Իսկ դու ո՞վ ես:
— Ես Արագավազ շլդիկն եմ: Ինձ էլ ներս չե՞ք թողնի:
— Դե լավ, արի:
Երկուսը երեք են դառնում: Մեկ էլ գալիս է աղվեսը և հարցնում.
— Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:
— Ճսճստան մկնիկը, Կռկռան գորտը, Արագավազ շլդիկը: Իսկ դու ո՞վ ես:
— Ես Աղվես քույրիկն եմ: Ի՞նչ կլինի, ինձ էլ ներս թողեք:
— Դե լավ, դու էլ արի:
Սկսում են արդեն չորսով ապրել: Մեկ էլ գայլն է գալիս, պտտվում ձեռնոցի շուրջը և հարցնում:
— Ով է ապրում էս ձեռնոցի մեջ:
— Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը, Արագավազ շլդիկը, Աղվես քույրիկը: Իսկ դու ո՞վ ես:
— Ես էլ Գորշ գայլն եմ: Ինձ էլ ներս թողեք:
— Դե լավ,ներս արի:
Գայլն էլ է ներս մտնում, դառնում են հինգը: Մեկ էլ որտեղից որտեղ վարազն է գալիս:
— Խռա-խռա, ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:
— Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը, Արագավազ շլդիկը, Աղվես քույրիկը, Գորշ գայլը:
Իսկ դու ո՞վ ես:
_Խռա-խռա-խռա,ես էլ Ժանիք վարազն եմ: Ինձ էլ ներս թողեք:
— Այ քեզ փորձանք: Ով գալիս է, ինձ էլ ներս թողեք: Ախր տեղ չկա, ուր մտնես:
— Լավ էլի,ներս թողեք:
— Դե լավ,ներս մտիր,մեկ է մտնելու ես:
Վարազն էլ է մտնում: Դառնում են արդեն վեցը, տեղերն այնքան է նեղանում, որ էլ ճար չի լինում: Մեկ էլ թփերը կոխոտելով, ճռթճռթացնելով գալիս է արջը, ձեռնոցի շուրջը պտտվում ու թե.
— Ո՞վ է ապրում էս ձեռնոցի մեջ:
— Ճսճստան մկնիկը,Կռկռան գորտը,Արագավազ շլդիկը, Աղվես քույրիկը, Գորշ գայլը, Ժանիք վարազը: Իսկ դու ո՞վ ես:
— Օ-հո-հո, ինչ շատ եք: Ես Մռմռթան արջն եմ: Ինձ էլ ներս թողեք:
— Ո՞ւր թողնենք, առանց քեզ էլ տեղներս նեղ է:
— Դե լավ, մի բան արեք:
— Էհ, ինչ արած, մի կերպ մտիր:
Արջն էլ է մտնում, դառնում են յոթը: Ձեռնոցը ձգվում է, քիչ է մնում տրաքի:
Հանկարծ ծերունին նայում է տեսնում, որ ձեռնոցը կորցրել է: Հետ է դառնում, սկսում է ման գալ, շունն էլ առջևից է վազում: Վազում է, վազում, մեկ էլ տեսնում է պապի ձեռնոցը գալարվում է իրեն — իրեն: Որ չի հաչում
— Հաֆ-հաֆ-հաֆ,- գազանները վախից դուրս են պրծնում ձեռնոցի միջից, ցրվում անտառով մեկ:
Ծերունին գալիս է, ձեռնոցն վերցնում ու գնում:
Երեք խոզուկները
Երեք խոզուկները
Լինում են չեն լինում երեք խոզուկ են լինում՝ Նաֆ Նաֆը, Նիֆ Նիֆը և Նուֆ Նուֆը: Նրանք ապրում էին անտառի հարևանությամբ: Ողջ ամառ ուրախ խաղում էին, պարում, թռչկոտում: Թվում էր, թե ամառը երբեք չի ավարտվի: Նրանք չէին էլ մտածում տուն կառուցելու մասին: Բայց ահա անհոգ ամառն ավարտվեց: Զգացվեց աշնան շունչը:
Նուֆ Նուֆը նկատելով թափվող տերևները, եղբայրներին առաջարկեց տուն կառուցել: Բայց ո~վ էր նրան լսողը: Եղբայրներն այնպես էին տարված խաղով…
— Մինչև ձմեռ դեռ այնքան ժամանակ կա: Դեռ կհասցնենք կառուցել,- ասում էին նրանք:
Նուֆ Նուֆը որոշեց քարե տուն կառուցել: Իսկ եղբայրները ծիծաղում էին նրա վրա:
— Փոխանակ մեզ հետ ուրախանաս, քա՞ր ես կրում: Դեռ կհասցնես…
Բայց ահա եկավ առաջին անձրևը և Նաֆն Նաֆն ու Նիֆ Նիֆը որոշեցին տուն կառուցել: Նիֆ Նիֆը կառուցեց իր տունը փայտից: Իսկ Նաֆ Նաֆը՝ ծղոտից:
Դեռ նոր էին ավարտել իրենց տները, երբ վրա հասավ ցուրտը: Մոտակայքում լսվեց սոված գայլի ոռնոցը: Գայլը եկավ ու կանգնեց Նաֆ Նաֆի տան առաջ:
— Ինձ ներս չե՞ս թողնի, խոզուկ,- հարցրեց գայլը:
Խոզուկը վախից ոչինչ չասաց, միայն ավելի ամուր փակեց դուռը:
— Լավ, հիմա ես կփչեմ ու քո տունը օդ կբարձրանա,- ասաց գայլը և փչեց,- Փուուո՜ւհ…
Ծղոտե տնակը պոկվեց գետնից ու օդ բարձրացավ ու փլվեց: Նաֆ Նաֆը սարսափահար փախավ: Նա գնաց ուղիղ Նիֆ Նիֆի տուն: Նա փայտից էր կառուցել իր տունը: Գայլը եկավ ու կանգնեց Նիֆ Նիֆի փայտե տան առջև:
— Ինձ ներս չեք թողնի խոզուկներ,- հարցրեց նա:
Եղբայրները վախից ոչինչ չպատասխանեցին:
— Լավ: Հիմա ես այնպես կփչեմ, որ ձեր տունը օդ կբարձրանա,- ասաց գայլն ու թոքերում որքան ուժ կար փչեց: — Փուուո՜ւհ…
Փայտե տնակն էլ խարխլվեց ու փուլ եկավ: Վախեցած խոզուկները վազեցին դեպի Նուֆ Նուֆի քարե տունը: Իսկ գայլը անշտապ գալիս էր նրանց ետևից:
Նա կանգնեց քարե տան առաջ ու հարցրեց.
— Խոզուկներ, ինձ ներս չե՞ք թողնի:
— Հեռացիր, քանի ողջ ես,- պատասխանեց Նուֆ Նուֆը:
— Լավ, հիմա ես այնպես կփչեմ, որ ձեր տունը օդ կբարձրանա:
Գայլը փչեց, բայց տունը տեղից անգամ չշարժվեց: Նորից փչեց, նորից ոչինչ տեղի չունեցավ: Այնքան փչեց գայլը, որ հոգնեց:
— Փորձեմ ծխնելույզից ներս մտնել,- որոշեց նա:
Բայց երբ բարձրացավ տան կտուրը, որպեսզի ծխնելույզից ներս մտնի, Նուֆ Նուֆը թեժացրեց վառարանի կրակը ու մի կաթսա դրեց վրան: Գայլն ընկավ ուղիղ կաթսայի մեջ ու խաշվեց:
Այդպես խոզուկներն ազատվեցին չար գայլից: Նրանք ողջ ձմեռ ապրեցին Նուֆ Նուֆի տանը, իսկ գարնանը իրենց համար էլ քարե տներ կառուցեցին:
Ճուտիկը
Մաս 1
Լինում է, չի լինում, մի պստիկ ճուտիկ է լինում:
Ա՛յ, այսպիսի ճուտիկ:
Բայց նա կարծում էր, որ ինքը մե՜ծ է, շա՜տ մեծ է: Երբ ման էր գալիս բակում, փքվում էր, գլուխը բարձր պահում:
Ա՛յ, այսպես:
Ճուտիկը մայրիկ ուներ: Անունը՝ Չալիկ՝ սիրո՜ւն, չաղլի՜կ:
Ա՛յ, այսպիսի մայրիկ:
Չալիկը ճուտիկին շատ էր սիրում: Նրան կերակրում էր որդերով: Մի անգամ Չալիկի վրա հարձակվեց սևուկ փիսիկը և քշեց նրան մինչև լճի ափը:
Ա՛յ, սա է սևուկ փիսիկը:
Մաս 2
Ճուտիկը մնաց ցանկապատի մոտ կանգնած: Հանկարծ նա տեսավ, որ աքլորը թռավ ցանկապատի վրա, թևերը թափ տվեց, վիզը ձգեց:
Ա՛յ, այսպես:
Եվ բարձր ձայնով կանչեց՝ ծո՜ւղ-րո՜ւ-ղո՜ւ:
Հետո դես ու դեն նայեց ու ասաց.
-Մի՞թե ես քաջ չեմ, մի՞թե լավը չեմ:
Այս բանը ճուտիկին շատ դուր եկավ: Ինքն էլ վիզը ձգեց:
Ա՛յ, այսպես:
Եվ ամբողջ ուժով ծլվլաց.
-Պի՛-պի՛-պի՛-պի՛: Ես էլ եմ քաջ, ես էլ եմ լավը:
Բայց սայթաքեց և ընկավ ջրով լի փոսը:
Ա՛յ, այսպես:
Գորտը տեսավ ճուտիկին, ծիծաղեց.
-Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛: Ա՛յ պստլիկ, ա՛յ ճստլիկ ճուտիկ, դու ո՜ւր, աքլորն ո՜ւր:
Մուկն ընկերանում է մկան հետ
Մուկն ուզում էր ուժեղ ընկեր ունենալ, բայց չգիտեր, թե ով է ուժեղը: Դիմում է արևին: Արևն ասում է.
-Ամպն է ուժեղ: Ամպն ինձ ծածկում է:
Ամպին է դիմում: Ամպն ասում է.
-Քամին է ուժեղ: Քամին ինձ քշում է:
Քամուն է դիմում: Քամին ասում է.
-Քարն է ուժեղ: Քամին քարին բան չի անի:
Քարին է դիմում.
-Մարդն է ուժեղ: Մարդն ինձ ճեղքում է:
Մարդուն է դիմում: Մարդն ասում է.
-Ցորենն է ուժեղ: Առանց ցորենի ես կմեռնեմ:
Ցորենին է դիմում: Ցորենն ասում է.
-Մուկն է ուժեղ: Մուկն ինձ ուտում է:
-Որ էդպես է, ուրեմն ուժեղը մուկն է: Ես էլ մկան հետ կընկերանամ,- ինքն իրեն ասում է մուկը:
