Հյուսիսային դպրոցի 5 տարեկանները շատ են սիրում բակում խաղալ հատկապես գարնանային տաք օրերին։ Այսօր նրանք խաղացին`

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Կարմիր կոճակ

Խաղի մասնակիցներն իրար կողք էին նստում ու ձեռքերն իրար միացրած դիմացը պահում: Վարողը հերթով անցնում էր բոլորի մոտով ու ձեռքում պահված կարմիր կոճակը թողնում մասնակիցներից մեկի ձեռքերում այնպես, որ մյուսները չնկատեն, թե ում մոտ է թողել: Բոլորի մոտով անցնելուց հետո նա կանգնում էր ու ասում. «կարմիր կոճակ, դուրս արի»: Այն մասնակիցը, ում մոտ կոճակը մնացել էև, պետք է դուրս թռներ շարքից այնպես, որ մյուս մասնակիցներից ոչ ոք չհասցներ նրան դիպչել: Խաղն ավարտվում էր այն ժամանակ, երբ մասնակիցների ձեռքերը այդ դիրքից հոգնում էին ու որոշում էին մեկ այլ խաղ խաղալ:

Թաշկինակ

Սովորողները շրջանաձև կքանստում են:  Նրանցից մեկը վերցնում է թաշկինակն ու սկսում է արագ քայլել շրջանով: Մի քանի պտույտ քայլելուց հետո  թաշկինակն աննկատելիորեն գցում է երեխաներից մեկի ետևը: Ում ետևում գտնվում է թաշկինակը, պետք է արագ վերցնի այն, վազի գցողի ետևից և բռնի թաշկինակ գցողին, իսկ գցողը պետք է հասցնի կքանստել այն տեղում, որտեղ նստած էր թաշկինակ վերցնողը: Եթե մինչ այդ նա բռնվում է, համարվում է պարտված, բռնողը դառնում է թաշկինակ գցող: