
Աշխարհը և մենք
Շատ վաղուց մի արքա կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, հատակը և առաստաղը հայելուց էին: Այնպես պատահեց, որ պալատ մտավ մի շուն: Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով շատ խելացի և զգուշավոր՝ համենայն դեպս ատամ ցույց տվեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապես իրենք էլ ատամ ցույց տվեցին: Շունը կամացուկ հաչեց: Մյուսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզված էր, որ իր կյանքը վտանգված է, և սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռվել նրա հետ, որովհետև պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մեջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական արտացոլանքների հետ պայքարում:
Վերլուծություն․ Այս առակը մեզ ուզում է ասել, որ մարդը չցանկանալով կարող է ինքն իրեն վնաս պատճառել։
Ով է ավելի հզոր
Մի արքա էր ապրում, ում համար անտանելի էր այն միտքը, որ ինչ-որ մեկը կարող է իրենից ավելի հզոր լինել: Մի անգամ նա կանչեց իր նախարարներին ու հարցրեց նրանց.
— Ո՞վ է ավելի հզոր՝ ե՞ս, թե՞ Աստված: Նախարարները վախից դողացին ու մտածելու ժամանակ խնդրեցին: Նրանք բոլորն էլ երիտասարդ չէին, ու ոչ ոք չէր ուզում ենթարկվել հալածանքների: Բայց նրանք արժանավոր մարդիկ էին ու չէին ցանկանում ստել:
— Թողեք այդ գործը ինձ, ես կգտնեմ, թե ինչ պատասխանեմ գերագույնին,- ասաց ամենատարեց նախարարը:
Հաջորդ օրը հավաքվել էր ողջ արքունիքը: Եկել էր տարեց նախարարը: Նա խոնարհվեց արքայի առաջ ու հայտարարեց.
— Օ՜, տիրակալ, դու, անկասկած, ավելի հզոր ես, քան Աստված:
Արքան ոլորեց իր երկար բեղերն ու հպարտորեն բարձրացրեց գլուխը: Իսկ ծերունին շարունակեց.
— Դու ավելի հզոր ես, որովհետև կարող ես բոլորիս արտաքսել քո թագավորությունից, իսկ Աստված չի կարող, որովհետև նրա թագավորությունն ամենուր է, և այնտեղից ոչ մի տեղ չես գնա:
Վերլուծություն․ Այս առակը մեզ ուզում է բացատրել, որ Աստծուց հզոր ոչինչ չկա։ Եվ ծերունին իմաստուն լինելով մտածեց մի այնպիսի պատասխան, որպեսզի և՛ ստիպված չլինի սուտ խոսել, և՛ չարժանանա արքայի պատժին։
Ես ընտրում եմ երանությունը
Վարպետ Բախաուդինը երջանիկ մարդ էր: Ժպիտը նրա դեմքից երբեքչէր պակասում: Նրա կյանքը լիքն էր տոնի ուրախ տրամադրությամբ: Նույնիսկ մահանալիս նա անհոգ ծիծաղում էր : Թվում էր, թե նա վայելում էր մահվան գալուստը:
Սովորողները նստած էին նրա շուրջ և նրանցից մեկը համարձակվեց հարցնել.
— Ուսուցի՛չ, ձեզ ինչպես է հաջողվում միշտ լինել երջանիկ: Այս վերջին րոպեներին ի՞նչն է ձեզ այդպես ուրախացնում:
Ծեր վարպետը ժպտալով պատասխանեց.
— Շատ տարիներ առաջ ես եկա իմ վարպետի մոտ: Ես տասնյոթամյա երիտասարդ էի, բայց արդեն խորապես տառապում էի: Իսկ վարպետը, լինելով յոթանասուն տարեկան, առանց պառճառի ուրախ էր և ժպտում էր: Ես նրան հարցրի. «Վարպե՛տ, ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում», և նա պատասխանեց. «Ցանկացած մարդ իր մեջ ազատ ընտրության հնարավորություն ունի: Սա է իմ ընտրությունը: Ամեն առավոտ, աչքերս բացելով, ես ինքս ինձ հարցնում եմ, թե այսօր ինչ ընտրել՝ երանություն, թե՞ տառապանք : Եվ չգիտես ինչու, ամեն անգամ ընտրում եմ երանությունը: Եվ որ դա իմ կարծիքով այնքա՜ն բնական է»:
Այս առակով հեղինակն ուզում է ասել, որ յուրաքանչյուրիս ձեռքերում է մեր կյանքը։ Եթե մենք իրոք ցանկանանք, որ մեր կյանքում ամեն ինչ լավ լինի, կարող ենք հասնել դրան, առանց առանձնապես ջանք գործադրելու։
